Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Միջազգային իրավունք

Կոնվենցիա փախստականների կարգավիճակի մասին (1961)

Ընդունվել է 1951 թվականի հուլիսի 28-ին փախստականների կարգավիճակի և ապարտեիդի հարցերով լիազորված մասնակիցների կոնֆերանսում` հրավիրված Գլխավոր Ասամբլեայի 1950 թ. դեկտեմբերի 14 թիվ 429 (Y) որոշմամբ: Ուժի մեջ է մտել 1954 թվականի ապրիլի 22-ին 43 հոդվածի համաձայն:

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ II
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
ԳԼՈՒԽ III
ՇԱՀՈՒՅԹ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ...##


ՆԱԽԱԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԲԱՐՁՐ ԿՈՂՄԵՐԸ`

 

Հաշվի առնելով, որ Ընդհանուր ժողովի կողմից 1948 թ. դեկտեմբերի 10-ին վավերացված Միացյալ Ազգերի Կանոնադրությունը և Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը հաստատել են այն սկզբունքը, ըստ որի բոլոր մարդիկ հիմնականում իրավունքներն ու ազատությունները վայելում են առանց խտրականության,


Հաշվի առնելով, որ Միացյալ Ազգերը տարբեր առիթներով իր խոր մտահոգությունն է արտահայտել փախստականների հանդեպ և ջանացել փախստականների համար այդ հիմնական իրավունքներն ու ազատություններն ապահովել հիմնավոր ամենալայն իմաստով,
Հաշվի առնելով, որ ցանկալի է փախստականների կարգավիճակին վերաբերող միջազգային նախորդ համաձայնագրերի վերանայումն ու համախմբումը և նոր համաձայնագրի միջոցով նման միջոցառումների շրջանակի ու դրանցով ընձեռված պաշտպանության ընդլայնումը,
Հաշվի առնելով, որ ապաստանի շնորհումը կարող է անբարեհարմար բեռ հանդիսանալ որոշ երկրների համար, և որ Միացյալ Ազգերի կողմից որպես միջազգային ընդգրկում և բնույթ ունեցող ճանաչված խնդիրը չի կարող բավարար լուծում ստանալ առանց միջազգային համագործակցության:


Ցանկություն արտահայտելով, որ բոլոր Պետությունները, ճանաչելով փախստականների խնդրի ընկերային և մարդասիրական բնույթը, գործադրեն իրենց ամբողջ կարողությունը, որպեսզի կանխեն այդ խնդրի պետությունների միջև լարվածության պատճառ դառնալը,
Նշելով, որ Միացյալ Ազգերի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարը կոչված է վերահսկել Փախստականների պաշտպանությունն ապահովող միջազգային համաձայնագրերը և ընդունելով, որ այս խնդրի լուծմանն առնչվող միջոցառումների արդյունավետ համակարգումը կախված է Պետությունների և Գերագույն Հանձնակատարի համագործակցությունից,

 

Համաձայնել են հետևյալի մասին:

 

Գ Լ ՈՒ Խ I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. «Փախստական» եզրի սահմանումը

Ա. Սույն Համաձայնագրի նպատակների համար «փախստական» եզրը կիրառելի է որևէ անձի հանդեպ, որը.
(1) Փախստական է համարվել ըստ 1926 թ. մայիսի 12-ի և 1928 թ. հունիսի 30-ի Պայմանագրերի կամ ըստ 1933 թ. հոկտեմբերի 28-ի և 1938 թ. փետրվարի 10-ի Համաձայնագրերի, 1939 թ. սեպտեմբերի 14-ի Արձանագրության կամ Փախստականների Միջազգային Կազմակերպության Սահմանադրությամբ: Փախստականների Միջազգային Կազմակերպության կողմից իր գործունեության ընթացքում տրված անընդունելիության վճիռները չեն խոչընդոտում փախստականների կարգավիճակ ստանալ այն անձանց, ովքեր բավարարում են այս բաժնի երկրորդ պարբերության պայմաններին,
(2) 1951 թ. հունվարի 1-ից առաջ տեղի ունեցած պատահարների հետևանքով և ցեղի, կրոնի, ազգության, որոշակի ընկերային խմբի պատկանելու կամ քաղաքական կարծիքի պատճառով հալածանքի հիմնավորված երկյուղ կրելու կապակցությամբ գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և անկարող է կամ այդպիսի երկյուղի պատճառով անհոժար է օգտվել այդ երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և նման պատահարների հետևանքով գտնվելով իր նախկին սովորական բնակության երկրից դուրս, անկարող է կամ այդպիսի երկյուղի պատճառով անհոժար է այնտեղ վերադառնալ: Այն անձի դեպքում, որն ունի մեկից ավելի քաղաքացիություն, «իր քաղաքացիության երկիր» արտահայտությունը պետք է նշանակի այդ երկրներից յուրաքանչյուրը, որոնց քաղաքացին է նա, և անձը չի համարվի իր քաղաքացիության երկրի պաշտպանությունը կորցրած, եթե առանց հիմնավորված երկյուղով պայմանավորված որևէ հիմնավոր պատճառի, չի ընդունում այն երկրներից մեկի պաշտպանությունը, որոնց քաղաքացին է ինքը:

 

Բ. (1) Սույն Համաձայնագրի նպատակների համար հոդված 1-ի Ա բաժնի «1951 թ. հունվարի 1-ից առաջ տեղի ունեցած պատահարներ» բառերը պետք է հասկացվեն`
(ա) «Եվրոպայում 1951 թ. հունվարի 1-ից առաջ տեղի ունեցած պատահարներ», կամ
(բ) «Եվրոպայում կամ այլուր 1951 թ. հունվարի 1-ից առաջ տեղի ունեցած պատահարներ» իմաստներից մեկով, և Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը պետք է ստորագրման, վավերացման կամ միացման պահին հայտարարություն կատարի, մատնանշելով, թե ինքն այդ իմաստներից որ մեկն է կիրառում սույն համաձայնագրից բխող իր պարտավորությունների հանդեպ:
(2) Պայմանավորվող ցանկացած Պետություն, որն ընդունել է
(ա) այլընտրանքը, կարող է ցանկացած ժամանակ իր պարտավորություններն ընդլայնել
(բ) այլընտրանքի ընդունմամբ, այդ մասին Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին ծանուցագիր հասցեագրելու միջոցով:

 

Գ. Ա բաժնի սահմանման ոլորտն ընկնող ցանկացած անձի հանդեպ սույն Համաձայնագրի կիրառումը կդադարեցվի, եթե.
(1) Նա կամավոր կերպով վերընդունել է իր քաղաքացիության երկրի պաշտպանությունը, կամ
(2) Կորցրած լինելով իր քաղաքացիությունը, նա կամավոր կերպով վերաստանձնել է այն, կամ վերեւ
(3) Նա ձեռք է բերել նոր քաղաքացիություն և օգտվում է իր նոր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ
(4) Նա կամավոր կերպով վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից դուրս մնում էր հալածանքի երկյուղի պատճառով, կամ
(5) Նա այլևս չի կարող մերժել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունը, որովհետև այն հանգամանքները, որոնց կապակցությամբ նա ճանաչվել էր որպես փախստական, դադարել են գոյություն ունենալ: Պայմանով, որ այս կետը չպետք է կիրառվի սույն հոդվածի Ա(1) բաժնով սահմանվող փախստականի հանդեպ, որն ի վիճակի է նշել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունը մերժելու անհաղթահարելի պատճառներ, որոնք բխում են նախկին հալածանքից,
(6) Լինելով քաղաքացիությունից զուրկ անձ, նա ի վիճակի է վերադառնալ իր նախկին սովորական բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց կապակցությամբ նա ճանաչված է եղել որպես փախստական, դադարել են գոյություն ունենալ, Պայմանով, որ այս կետը չպետք է կիրառվի սույն հոդվածի Ա(1) բաժնով սահմանվող փախստականի հանդեպ, որն ի վիճակի է նշել իր նախկին սովորական բնակության երկրի պաշտպանությունը մերժելու անհաղթահարելի պատճառները, որոնք բխում են նախկին հալածանքից:

 

Դ. Սույն Համաձայնագիրը չի կիրառվում այն անձանց հանդեպ, ովքեր ներկայումս Միացյալ Ազգերի այլ մարմիններից կամ գործակալություններից, որոնք տարբերվում են Միացյալ Ազգերի փախստականների գծով Գերագույն Հանձնակատարից, ստանում են պաշտպանություն և օժանդակություն: Երբ այսպիսի պաշտպանությունն ու օժանդակությունը որևէ պատճառով դադարեցված են առանց նման անձանց դրության վերջնական վճռման, ըստ Միացյալ Ազգերի Ընդհանուր Ժողովի ընդունած համապատասխան որոշումների, այս անձինք ispo facto դառնում են սույն Համաձայնագրով նպաստի իրավունք ունեցող:

 

Ե. Սույն Համաձայնագիրը չի կիրառվում այն անձի հանդեպ, ով իր բնակություն հաստատած երկրի իրավասու իշխանությունների կողմից իրավունքներ և պարտականություններ ունեցող է ճանաչվել, ինչն այդ երկրի քաղաքացիություն ունենալու իմաստ է տալիս:

 

Զ. Սույն Համաձայնագրի պայմանները չպետք է կիրառվեն այն անձի հանդեպ, որի վերաբերյալ լուրջ պատճառներ կան համարելու, որ.
(ա) նա կատարել է հանցագործություն ընդդեմ խաղաղության, պատերազմական հանցագործություն կամ հանցագործություն մարդկության դեմ, ինչպես դա սահմանված է նման հանցագործություններին վերաբերող միջազգային փաստաթղթերում,
(բ) նա լուրջ ոչ քաղաքական հանցագործություն է կատարել ապաստան տված երկրից դուրս, նախքան որպես փախստական այդ երկիր ընդունվելը,
(գ) նա մեղավոր է Միացյալ Ազգերի նպատակներին և սկզբունքներին հակասող գործողություններ կատարելու մեջ:

 

Հոդված 2. Ընդհանուր պարտավորություններ


Յուրաքանչյուր փախստական պարտականություններ ունի իրեն ապաստան տված երկրի հանդեպ, որոնք մասնավորապես պահանջում են, որ նա ենթարկվի այդ երկրի օրենքներին և կանոններին, ինչպես նաև հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումներին:

 

Հոդված 3. անխտրականություն


Պայմանավորվող Պետությունները սույն Համաձայնագրի դրույթները փախստականների նկատմամբ պետք է կիրառեն առանց ցեղի, կրոնի, կամ ծագման երկրի մեջ խտրականություն դնելու:

 

Հոդված 4. կրոն


Պայմանավորվող Պետություններն իրենց տարածքներում կրոնական ազատության և զավակների կրոնական դաստիարակության ազատության հարցում փախստականների հանդեպ պետք է ցուցաբերեն առնվազն այնքան բարեհաճ վերաբերմունք, որքան ցուցաբերում են իրենց քաղաքացիների նկատմամբ:

 

Հոդված 5. Սույն Համաձայնագրից անկախ շնորհվող իրավունքներ


Սույն Համաձայնագրի մեջ ոչինչ չպետք է տեղիք տա Պայմանավորվող Պետության կողմից փախստականներին սույն Համաձայնագրից անկախ տրվող ցանկացած իրավունքների կամ նպաստների նվազեցման:

 

Հոդված 6. §Միևնույն հանգամանքներում¦ եզրը


Սույն Համաձայնագրի նպատակի համար «միևնույն հանգամանքներում» եզրը նշանակում է, որ ցանկացած պահանջ (ներառյալ ժամանակավոր ապրելու կամ բնակության տևողությանը կամ պայմաններին վերաբերող պահանջները), որին տվյալ անհատը իրավունքից օգտվելու համար պետք է բավարարեր փախստական չլինելու դեպքում, պետք է բավարարվի նաև նրա կողմից, բացառությամբ այն պահանջների, որոնք իրենց բնույթով չեն կարող բավարարվել փախստականի կողմից:

 

Հոդված 7. Ազատում փոխադարձությունից


  1. Բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Համաձայնագիրն ավելի բարենպաստ պայմաններ է պարունակում, Պայմանավորվող Պետությունը փախստականների հանդեպ պետք է ցուցաբերի նույն վերաբերմունքը, ինչն ընդհանրապես ցույց է տրվում օտարերկրացիներին:
  2. Երեք տարվա բնակությունից հետո, բոլոր փախստականները Պայմանավորվող Պետությունների տարածքում պետք է ազատվեն օրենսդրական փոխադարձությունից:
  3. Պայմանավորվող յուրաքանչյուր Պետություն պետք է փոխադարձության բացակայությամբ շարունակի փախստականներին տրամադրել այն իրավունքներն ու նպաստները, որոնց իրավունքը նրանք արդեն ստացել էին այդ Պետությունում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահին:
  4. Պայմանավորվող Պետությունները պետք է բարեհաճ քննության առնեն փոխադարձության բացակայությամբ փախստականներին 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն տրված իրավունքներից ու նպաստներից ավելին տրամադրելու, ինչպես նաև 2-րդ և 3-րդ պարբերություններով նախատեսված պայմաններին չբավարարող փախստականների վրա փոխադարձությունից ազատումը տարածելու հնարավորությունը:
  5. 2-րդ և 3-րդ պարբերությունների դրույթները վերաբերում են ինչպես սույն Համաձայնագրի 13, 18, 19, 21 և 22 հոդվածներում նշված իրավունքներին ու նպաստներին, այնպես էլ այն իրավունքներին ու նպաստներին, որոնք սույն Համաձայնագրով չեն նախատեսվում:

 

Հոդված 8. Ազատում արտակարգ միջոցառումներից


Ինչ վերաբերում է արտակարգ միջոցառումներին, որոնք կարող են ձեռնարկվել օտար Պետության քաղաքացիների անձի, սեփականության կամ շահերի դեմ, ապա Պայմանավորվող Պետությունները չպետք է, զուտ քաղաքացիությունը նկատի առնելով, նման միջոցառումներ կիրառեն այն փախստականի դեմ, որը ձևականորեն տվյալ Պետության քաղաքացին է հանդիսանում: Պայմանավորվող այն Պետությունները, որոնց օրենսդրությունն արգելում է սույն հոդվածում արտահայտված ընդհանուր սկզբունքի կիրառումը, հարմար դեպքերում պետք է ազատում շնորհեն` հօգուտ նման փախստականների:

 

Հոդված 9. Ժամանակավոր միջոցառումներ


Սույն Համաձայնագրի մեջ ոչինչ չպետք է Պայմանավորվող Պետությանն արգելի պատերազմի ժամանակ կամ ծանր ու արտակարգ պայմաններում որոշակի անձի նկատմամբ ձեռնարկել ժամանակավոր միջոցներ, որոնք անհրաժեշտ են համարվում ազգային անվտանգության տեսակետից, քանի դեռ Պայմանավորվող Պետության կողմից չի որոշվել տվյալ անձի իսկապես փախստական լինելու հարցը և քանի դեռ վերջինիս նկատմամբ նման միջոցների շարունակումն անհրաժեշտ է ազգային անվտանգության շահերի տեսակետից:

 

Հոդված 10. Բնակության անընդհատություն


  1. Եթե փախստականը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բռնի կերպով տեղահանվել և տեղափոխվել է Պայմանավորվող որևէ Պետության տարածք և բնակվում է այնտեղ, ապա նման ստիպողական բնակեցման ժամանակամիջոցը պետք է համարվի օրինական բնակություն` տվյալ տարածքում:
  2. Եթե փախստականը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բռնի կերպով տեղահանվել է Պայմանավորվող Պետության տարածքից և, նախքան սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, վերադարձել է այնտեղ բնակությունը վերահաստատելու նպատակով, ապա նման ստիպողական տեղահանմանը նախորդած և հաջորդած բնակության ժամանակամիջոցները պետք է մեկ անընդմիջված ժամանակամիջոց համարվեն ցանկացած նպատակների համար, որոնք անընդհատ բնակություն են պահանջում:

 

Հոդված 11. Փախստական նավաստիներ


Եթե փախստականները կանոնավոր կերպով ծառայում են որպես Պայմանավորվող Պետության դրոշը կրող նավի անձնակազմի անդամներ, ապա այդ Պետությունը պետք է բարեհաճ կերպով քննության առնի իր տարածքում նրանց հաստատման, ինչպես նաև իր տարածքը նրանց ժամանակավոր ընդունման նպատակով ճամփորդական փաստաթղթերի շնորհման հարցը, մասնավորապես, նկատի ունենալով մեկ այլ երկրում նրանց հաստատումը հեշտացնելու խնդիրը:

 

Գ Լ ՈՒ Խ II

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ


Հոդված 12. Անձնական կարգավիճակը


  1. Փախստականի անձնական կարգավիճակը պետք է կարգավորվի նրա մշտական բնակության երկրի օրենքով կամ, մշտական բնակության երկիր չունենալու դեպքում, նրա բնակության երկրի օրենքով:
  2. Փախստականի նախկինում ստացած իրավունքները, որոնք կախված են նրա անձնական կարգավիճակից, մասնավորապես ամուսնության հետ կապված իրավունքները, պետք է հարգվեն Պայմանավորվող Պետության կողմից, անհրաժեշտության դեպքում դրանք հարմարեցնելով տվյալ պետության օրենքով պահանջվող ձեռնարկություններին, այն պայմանով, որ քննարկվող իրավունքները կճանաչվեն այդ պետության օրենքով, եթե նա փախստական չլիներ:

 

Հոդված 13. Շարժական և անշարժ ունեցվածք


Պայմանավորվող Պետությունները պետք է փախստականին ցույց տան որքան հնարավոր է բարեհաճ վերաբերմունք, համենայն դեպս ոչ պակաս բարեհաճ, քան ցույց է տրվում սովորաբար օտարերկրացիներին միևնույն հանգամանքներում, երբ խոսքը վերաբերում է շարժական և անշարժ ունեցվածքի ձեռքբերմանն ու դրան առնչվող այլ իրավունքներին, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի վարձակալությանն ու դրա հետ կապված այլ պայմանագրերին:

 

Հոդված 14. Ստեղծագործական իրավունքներ և արդյունաբերական սեփականություն


Ինչ վերաբերում է արդյունաբերական սեփականության պաշտպանությանը, ինչպիսիք են գյուտերը, նախագծերը կամ մանրակերտները, ապրանքանշանները, ապրանքանունները, ինչպես նաև գրականության, արվեստի և գիտության բնագավառում ունեցած իրավունքներին, ապա փախստականին իր սովորական բնակության երկրում պետք է ցույց տրվի նույն պաշտպանությունը, ինչը ցույց է տրվում տվյալ երկրի քաղաքացիներին: Ցանկացած այլ Պայմանավորվող Պետության տարածքում նրան պետք է ցույց տրվի նույն պաշտպանությունը, ինչը այդ տարածքում ցույց է տրվում նրա սովորական բնակության երկրի քաղաքացիներին:

 

Հոդված 15. Միությունների իրավունք


Ինչ վերաբերում է ոչ քաղաքական և ոչ եկամտաբեր միություններին և արհմիություններին, ապա Պայմանավորվող Պետություններն իրենց տարածքում օրինականորեն մնացող փախստականներին պետք է ցույց տան ամենաբարեհաճ վերաբերմունքը, որը միևնույն հանգամանքներում ցույց է տրվում օտարերկրացիներին:

 

Հոդված 16. Դատարանների ընձեռումը


  1. Փախստականը պետք է կարողանա օրենքի դատարաններից ազատորեն օգտվել բոլոր Պայմանավորվող Պետությունների տարածքում:
  2. Փախստականը, որը սովորական բնակություն ունի տվյալ Պայմանավորվող Պետությունում, պետք է այդ երկրի քաղաքացիների հետ միևնույն վերաբերմունքը վայելի դատարանների ընձեռման հարցում, ներառյալ իրավաբանական օժանդակությունը և ազատումը cautio judicatum solvi-ից (դատական ծախսերի վճարումից):
  3. Պարբերություն 2-ում նշված հարցերում փախստականը իր սովորական բնակության երկրից դուրս պետք է վայելի նույն վերաբերմունքը, որին արժանանում է նրա սովորական բնակության երկրի քաղաքացին:

 

Գ Լ ՈՒ Խ III

 

ՇԱՀՈՒՅԹ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ


Հոդված 17. Աշխատավարձով աշխատանք


  1. Պայմանավորվող Պետություններն իրենց տարածքում օրինականորեն մնացող փախստականների հանդեպ աշխատավարձով աշխատանք ստանալու իրավունքի հարցում պետք է ցույց տան այն ամենաբարեհաճ վերաբերմունքը, որը միևնույն հանգամանքներում ցույց է տրվում օտարերկրացիներին:
  2. Ամեն դեպքում ազգային աշխատանքի շուկան օտարերկրացիներից կամ օտարերկրյա աշխատուժից պաշտպանելու նպատակով, վերջիններիս վրա դրված սահմանափակող միջոցառումները չպետք է տարածվեն այն փախստականի վրա, որն արդեն դրանցից ազատ է տվյալ Պայմանավորվող Պետությունում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից, կամ որը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկին.
    (ա) Նա լրացրել է տվյալ երկրում երեք տարվա բնակությունը,
    (բ) Նա ունի իր բնակության երկրի քաղաքացի հանդիսացող ամուսին: Ամուսնուն լքելու դեպքում փախստականը չի կարող օգտվել սույն դրույթի արտոնությունից,
    (գ) Նա ունի իր բնակության երկրի քաղաքացի հանդիսացող մեկ կամ ավելի զավակներ:
  3. Պայմանավորվող Պետությունները պետք է բարեհաճ կերպով քննության առնեն աշխատավարձով աշխատանքի հարցերում բոլոր փախստականների իրավունքների և իրենց քաղաքացիների իրավունքների նմանեցման հնարավորությունը, հատկապես այն փախստականների, որոնք իրենց տարածք են մտել ի կատարումն աշխատուժի հավաքագրման կամ ներգաղթի ծրագրերի:

 

Հոդված 18. Սեփական աշխատանք


Պայմանավորվող Պետություններն իրենց տարածքում օրինականորեն գտնվող փախստականի հանդեպ, սեփական հաշվին գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ, արհեստով կամ առևտրով զբաղվելու կամ առևտրական և արդյունաբերական ընկերություններ հիմնելու իրավունք շնորհելու հարցում, պետք է ցուցաբերեն հնարավորին չափ բարեհաճ վերաբերմունք և համենայն դեպս ոչ պակաս բարեհաճ, քան այն, որը միևնույն հանգամանքներում ցույց է տրվում ընդհանրապես օտարերկրացիներին:

 

Հոդված 19. Ազատ մասնագիտություններ


  1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Պետություն իր տարածքում օրինականորեն մնացող և այդ պետության իրավասու իշխանությունների կողմից ճանաչված վկայական ունեցող փախստականների հանդեպ, ովքեր փափագում են զբաղվել ազատ մասնագիտությամբ, պետք է ցուցաբերի հնարավորին չափ բարեհաճ վերաբերմունք, և համենայն դեպս ոչ պակաս բարեհաճ, քան այն, որը միևնույն հանգամանքներում ցույց է տրվում ընդհանրապես օտարերկրացիներին:
  2. Պայմանավորվող Պետություններն իրենց օրենքների և սահմանադրությունների միջոցով պետք է հետևողականորեն ամեն ջանք գործադրեն, որպեսզի ապահովեն նման փախստականների հաստատումն իրենց բուն տարածքներից դուրս այն տարածքներում, որոնց միջազգային հարաբերությունների համար իրենք պատասխանատվություն են կրում:

 

Սկզբնաղբյուր. http://armaids.am/NationalProgrammeArm.html
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման հետ կապված մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր. մարդու իրավունքների և կենսաբժշկության վերաբերյալ համաձայնագիր
Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման հետ կապված մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր. մարդու իրավունքների և կենսաբժշկության վերաբերյալ համաձայնագիր

Ներածական։ Սույն համաձայնագիրը ստորագրած Եվրոպական համագործակցության, Եվրոխորհրդի անդամ և այլ պետությունները,
հաշվի առնելով 1948թ. դեկտեմբերի 10-ի Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր համաժողովի կողմից ընդունած Մարդու...

Ամուսնական դավաճանությունը հանցագործություն չէ. ՄԱԿ
Ամուսնական դավաճանությունը հանցագործություն չէ. ՄԱԿ

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կոչ է անում չեղյալ հայտարարել ամուսնական դավաճանության համար սահմանված պատիժը: 

«Ամուսնական դավաճանությունը չպետք է համարվի քրեական հանցագործություն: Երկու չափահաս մարդկանց միջև սեքսուալ...

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք Հրատապ թեմա Աշխարհում
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է

«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...

Առողջապահություն 4.2011
Շարունակական բժշկական կրթության գործընթացում կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի ներդրման մասին

Բանալի բառեր: Բոլոնիայի գործընթաց, կրեդիտների կուտակային համակարգ (ECTS), հարատև կրթություն, շարունակական բժշկական կրթություն, կատարելա-գործման դասընթացներ

Բժշկական կրթության համաշխարհային դաշնությունը 1984թ. ստեղծեց բժշկական կրթության բարեփոխումների միջազգային ծրագիր, որի հիմնական նպատակը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիա

Սույն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխախոտի դեմ պայքարի միջոցների համար համապատասխան այնպիսի շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են Կողմերի կողմից իրականացմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը...

Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն (2002)

1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը ստորագրվել է , 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, Վարշավայում եւ վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի մայիսի 31-ին (Ն-281-3): Արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2007 թ. հունվարի 1-ին:
1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) սույն Արձանագրության Մասնակից պետությունները, հաշվի առնելով, որ Կոնվենցիայի 4.3.դ և 7.3.բ հոդվածներում նշված դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչման վերաբերյալ ընդհանուր համաձայնությունը կբարձրացնի այդ ստուգումների արդյունավետությունը...

Կոնվենցիա դոպինգի դեմ (1989)

Դոպինգի դեմ կոնվենցիան ընդունվել է Եվրոպական Խորհրդի կողմից 1989 թվականի նոյեմբերի 16-ին, Ստրասբուրգում եւ ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է 2004 թվականի փետրվարի 18-ին (Ն-068-3)...

Կոնվենցիա անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ (2000)

Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է...

Արձանագրություն N7 Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպ. մասին կոնվենցիայի

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 7 արձանագրությունը ընդունվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում:
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը, լի վճռականությամբ` ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք ապահովեն որոշ իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումը 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) միջոցով, համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ....

ՄԱԿ-ի Կոնվենցիան

«Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ (տանջանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի տեսակների դեմ» կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի 39/46 բանաձեւվով եւ բաց է ստորագրելու, վավերացնելու եւ միանալու համար: Ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին` 27 (1) հոդվածի համաձայն:
Ոչ պաշտոնական թարգմանություն...

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1950թ. նոյեմբերի 4-ին, Հռոմում և հետագայում փոփոխվել 11-րդ արձանագրությամբ:
Սույն Կոնվենցիան ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ, նկատի ունենալով 1948թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, նկատի ունենալով, որ սույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը...

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (1948)

Ընդունվել և հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևի համաձայն:

Նախաբան
Նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, և նկատի առնելով, որ մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը հանգեցրել են բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների...

Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր (1976)

Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 Ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Ուժի մեջ է մտել 1976 թվականի հունվարի 3-ին` 27 հոդվածին համաձայն: Հայաստանի Հանրապետությունը միացել է պակտին 9 հունիսի 1993 թ....

Միջազգային դաշնագիր քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին

Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Ուժի մեջ է մտել 1976 թվականի մարտի 23-ին` 49 հոդվածին համաձայն...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ